«Մադրիդյան սկզբունքների» եւ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի իշխանություններին հաճոյանալու ստրկամիտ, հայ գիտնականին, մտավորականին անհարիր պահվածքի և կրավորական կեցվածքի հանդեպ «Միացում» ազգային նախաձեռնությունը կազմակերպում է բողոքի ակցիա սեպտեմբերի 30-ին, ժամը 17:00-ին Ազգային ակադեմիայի դիմաց (Բաղրամյան 24): Այս մասին ասված է «Միացում» ազգային նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:
Դրանից զատ, հոկտեմբերի 2-ին, ժամը 16:00-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության շենքի դիմաց (Նաիրի Զարյան 17ա, Հրաչյա Քոչար փողոցի զուգահեռ մասում) ևս կլինի բողոքի ակցիա: ՀՀ-ում Արցախի ներկայացուցչին կհանձնվի նամակ՝ ուղղված Արցախի իշխանություններին:
«Մեր համախոհներին կոչ ենք անում մասնակցել վերոնշյալ միջոցառումներին»,- ասված է հայտարարության մեջ:




























