«Ողջունում եմ Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 1-ից սփյուռքահայության հետ մեկնարկող հանդիպումները, որոնց ընթացքում հայ-թուրքական արձանագրությունների քննարկում է նախատեսվում։ Կարեւոր է, որ մարդիկ լսեն նախագահին, հարցեր տան նրան եւ փոխադարձ քննարկումներով իրողությունը բացահայտեն»,- սեպտեմբերի 28-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Ղարաբաղի գրասենյակի ղեկավար Արփի Վարդանյանը։ Կարեւորելով նախագահի եւ սփյուռքահայության երկխոսությունը՝ նա համոզմունք հայտնեց, որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի տեղեկանալ, թե ի՞նչ տրամադրություններ եւ դիքորոշումներ կան սփյուռքում առհասարակ։

Չշտապելով կանխատեսումներ անել երկկողմ հանդիպումների հնարավոր արդյունքների մասին՝ Արփի Վարդանյանը միայն նշեց. «Նախագահը դեռ այնքան կարծիքներ պետք է լսի, այնքան մարդկանց պիտի հանդիպի։ Եթե երկու կողմերը փոխադարձաբար լսեն միմյանց, որովհետեւ լինում է նաեւ այնպես, որ մարդիկ պարզապես պատրաստ չեն իրար լսելու, որեւէ բան քննարկելու եւ հասկանալու, ապա գործը դրանից միայն կշահի։ Նախագահը պատրաստ է լսելու եւ ընդառաջելու»,- եզրափակեց նա։