Կատարյալ սուտ են եւ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե դպրոցների տնօրենների քննությունների ժամանակ որոշ թեկնածուների կողմից քննող հանձնաժողովին կաշառքներ են տրվել։ Մարտի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, նման ստահոդ եւ վարկաբեկող լուրերը տարածում են դպրոցների տնօրեն դառնալ ցանկացող այն մարդիկ, ովքեր կաշառք տալու փորձեր են արել, սակայն չեն հաջողել։ «Այս ծրագիրը թեպետ նոր է, սակայն չպետք է վարկաբեկել այն, ինչպեսեւ չի կարելի գովաբանել։ Փաստ է, որ եթե տնօրենների ատեստավորման գործընթաց չնախաձեռնվեր, ապա հնարավոր չէր լինի իմանալ մեզ դիմած բազմաթիվ թեկնածուներից ավելի քան 30-ի աշխատանքային գրքույկներում եղած խնդիրների մասին։ Նախարարությունը հայտարարում է, որ գրքույկներում ինչ-ինչ խնդիրներ ունեցող տնօրենների թեկնածուները, անգամ քննության շեմը հաղթահարելու դեպքում, այդ պաշտոնում չեն նշանակվելու»,- զգուշացրեց նախարարը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ ծրագրի սկզբնական փուլում տնօրենների ատեստավորման իրավունք ստացել են 6 կազմակերպություններ, եւ որ այդ քննություններից վերջինն այս փուլում կկայանա ապրիլի 1-ին։
Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցին՝ Աշոտյանը նկատեց, որ խրախուսական հավելավճարներ կստանան այն մասնագետներն, ովքեր վերապատրաստման ընթացքում լավագույն ցուցանիշներ կցուցաբերեն եւ կներառվեն հատուկ տարակարգերում։ «Ինչ վերաբերում է դասախոսների աշխատավարձերին, ապա դրա համար այս տարին լավագույններից չէ»,- նկատեց ԿԳ նախարարը։
Ամփոփելով՝ Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ հանրակրթական դպրոցներում միանման համազգեստների պիլոտային ծրագիրն այս ուսումնական տարում կներդրվի Վայոց ձորի մարզում. «Այդ նպատակով կծախսվի շուրջ 140 մլն դրամ»,-տեղեկացրեց նա։
Նշենք, որ տնօրենների ատեստավորման գործընթացը մեկնարկել էր փետրվար ամսից։ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում դպրոցների տնօրենների ընտրության կարգի փոփոխությամբ նրանք, ովքեր կցանկանան նման պաշտոն ստանձնել, նախ պետք է մասնակցեն վերապատրաստման դասընթացներին եւ վկայականներ ստանան։





























