Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այն մասշտաբի ֆիգուր չէ, որպեսզի Ղարաբաղում միանձնյա պատերազմ սկսի։ Մարտի 30-ին տեղ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ  հայտնեց «Սարդարապատ» նախաձեռնողական շարժման նախագահ, ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանը՝ մեկնաբանելով պատերազմի վերսկսման հնարավորությունը։

Հիշեցնելով, որ Հարավային Կովկասում բախվում են գերտերությունների շահերը, ինչով էլ պայմանավորված է ղարաբաղյան կարգավորման երկարաձգումը, Սեֆիլյանը ուշադրություն հրավիրեց Միջին Արեւելքում կատարվող գործընթացների եւ, մասնավորապես, Լիբիայում ծավալվող իրադարձությունների վրա։ Նրա խոսքով, այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակը ի ցույց դրեց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումները:

Մեկնաբանելով ԼՂՀ շուրջ անվտանգության գոտում ԵԱՀԿ դաշտային առաքելության զեկույցին՝ Ժիրայր Սեֆիլյանը նկատեց, որ «չպետք է դժգոհել միջազգային հանրությունից երբ մեղավոր ենք ինքներս»։ Սեֆիլյանի խոսքով, մեղավոր է  ոչ միայն Սերժ Սարգսյանը։ Խնդիրներ եղել են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, սակայն դրանք խորացել են հատկապես 1999 թվականի հոկտեմբերի 27-ից (խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից-խմբ.) եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանություն գալուց հետո։

«Տարբերությունն այն է, որ Քոչարյանը սխալ արտահայտություններ չէր անում, նրա փոխարեն խոսում էր ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, իսկ Սերժ Սարգսյանը՝ դեռ պաշտպանության նախարար եղած ժամանակ պատրաստակամություն էր հայտնել հանձնել ազատագրված տարածքները»,- նշեց Սեֆիլյանը՝ ավելացնելով, որ քանի դեռ նման բան ասում են հայրենական քաղաքական գործիչները, ԵԱՀԿ Մինսկի խմբից այլ բան չարժե սպասել: