ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկյան  ABC, NBC եւ  CBS հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է , որ պատրաստ է զենք մատակարարել լիբիական ընդդիմությանը։

«Ես մտածում եմ, որ  ազնիվ կլինի հայտարարել, որ, եթե մենք ցանկանանք զենք մատակարարել Լիբիա, ապա անպայման դա կկարողանանք անել։ Մենք այդ առիթով յուրաքանչյուր հնարավորություն բաց չենք թողնի»,-հայտարարել է Օբաման։

ԱՄՆ-ի նախագահն ասել է նաեւ, որ պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է Մուամար Քադաֆիի հետ քննարկել հակամարտության փոխզիջումային լուծման ուղիները, պայմանով, որ Լիբիայի առաջնորդը հրաժարական տա, ինչպես դա պահանջում է ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները:

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 17-ի գիշերը Լիբիայի օդային տարածքը հայտարարել էր ոչ թռիչքային գոտի, որպեսզի կանխի ապստամբների հսկողության տակ գտնվող քաղաքների ու բնակավայրերի ռմբահարումները եւ փրկի խաղաղ ժողովրդին։

Մարտի 19-ին սկսված հատուկ գործողությանը, որը ստացել է «Արեւածագի ոդիսական» անվանումը, մասնակցում են մի շարք երկրներ, որոնցից են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, ԱՄՆ-ը, Բելգիան, Իտալիան, Իսպանիան: