Հայաստանում գործող ավելի քան 1400 դպրոցներից 800-ում, մինչեւ տնօրնների ատեստավորման գործընթացի մեկնարկը, պաշտոնավարում էին մարդիկ, որոնց հետ կնքվել էին անժամկետ պայմանագրեր։ Մարտի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման վիճակագրություն ներկայացրեց Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
«Դեռ երկու տարի առաջ զգուշացրեցինք, որ 2011 թվականի օգոստոսի 1-ից նրանք, ովքեր աշխատում են նման «ցկյանս» պայմանագրով, պետք է պատրաստ լինեն, որ պայմանագրերը դառնալու են ժամկետային, այլապես տնօրենի աշխատանքը նմանվում է կաստայական իշխանության։ Չեմ կարծում, որ երկարաժամկետ պաշտոնավարումը նպաստում է աշխատանքի արդյունավետությանը եւ ժողովրդավարական է»,- նկատեց նախարարը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ Էջմիածնի թիվ 2 դպրոցի (որի տնօրենի բազմաթիվ ապօրին գործողությությունների, այդ թվում՝ հայհոյելու հետեւանքով կրթօջախը վերջին ժամանակներս մամուլի ուշադրության կենտրոնում է ) ՀՀԿ-ական տնօրենն այդպես էլ չի հեռացվել, Աշոտյանը նշեց. «Մամուլում այսօր էլ կարդացի այդ մասին։ Դրա փոխարեն այս եւ անցած տարի բազմաթիվ տնօրեններ են հեռացվել, որոնց ճնշող մեծամասնությունը հանրապետականներ են, ինչի՞ մասին է խոսքը։ Տնօրենների ատեստավորման քննություններից եւս մեծ թվով ՀՀԿ-ական թեկնածուներ են կտրվել։ Կարծում եմ, գոնե այս փուլում, երբ ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում է հանրապետական թեկնածուն, հանրապետական տնօրեններն ու ուսուցիչներն ավելի լավ պետք է աշխատեն, օգնեն ինձ»,- ամփոփեց Աշոտյանը։
Նշենք, որ Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:
Մասնավորապես` «168 ժամ» օրաթերթի` 2011թ. փետրվարի 15-16-ի համարում հրապարակվել է հոդված «Դպրոցի տնօրենն ինձ հայհոյել է» վերնագրով: Ըստ այդ հոդվածի` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թիվ 2-րդ ավագ դպրոցի 10-րդ դասարանի նախկին աշակերտ Ա. Հարությունյանը 2010թ. դեկտեմբերից ենթարկվել է դպրոցի տնօրենի` Ս. Նազարյանի որդու եւ վերջինիս ընկերախմբի հետապնդումներին, իսկ 2011թ. հունվարի 31-ին` ծեծի ենթարկվել: Հաջորդ օրը դպրոցի տնօրենը Ա. Հարությունյանին դասարանի բոլոր աշակերտների ներկայությամբ հայհոյել է, ծեծի ենթարկել եւ եղունգներով ճանկռել նրան` այնուհետեւ նրան պարտադրելով տեղափոխվել այլ դպրոց, իսկ նրա տատին` Բ. Եղիազարյանին, ով նաեւ հիշյալ դպրոցում աշխատում է որպես պատմության ուսուցչուհի, մանկխորհրդի նիստում հայտարարել է խիստ նկատողություն:





























