Սեպտեմբերի 29-ին երկօրյա պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Թեհրանում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները կայցելեն Իմամ Խոմեյնիի դամբարան, ինչպես նաեւ Թեհրանի հայոց ազգային առաջնորդարան, «Արարատ» մարզամշակութային ակումբ, որտեղ կհանդիպեն իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Սեպտեմբերի 30-ի երեկոյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը եւ Հարություն Փամբուկյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք: