Մինչեւ ամառ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը կգործարկվի։ Այս մասին Հրազդանի ՋԷԿ կատարած այցելության ընթացքում լրագրողներին տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը՝ նշելով, որ 5-րդ էներգաբլոկում արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում թողարկման-կարգաբերման եւ ռեժիմային փորձարկումների ուղղությամբ։
«Էներգաբլոկում տեղադրվել են նորագույն սարքավորումներ, եւ նաեւ կիրառվել ամբողջությամբ նոր տեխնոլոգիա։ Մեր հայ ինժեներների մտահղացման համաձայն, համակցվել են շոգետուրբինային եւ գազատուրբինային տեխնոլոգիաները, եւ ստացել ենք շոգեգազատուրբին։
Աշխատանքների ընթացքում նաեւ հայտնաբերվել է թերություն 1991 թ. Հայաստան ներկրված K-300-240-3 տուրբինի վրա, որն ուղարկվել է Ռուսաստան, համապատասխան գործարանում թերությունները վերացնելու համար»,- ասաց Հարությունյանը՝ նկատելով, որ տուրբինը պատրաստ կլինի այս տարվա ապրիլ ամսվա վերջում, որից հետո այն կտեղափոխվի Հայաստան, եւ մինչեւ ամառ 5-րդ էներգաբլոկը պատրաստ կլինի գործարկման։
Ըստ նրա՝ կիրառված տեխնոլոգիական փոփոխությունների շնորհիվ էներգաբլոկի հզորությունը կկազմի 480 ՄՎտ։ Հարությունյանը նշեց, որ 2008-2010 թթ. ընթացքում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի եւ արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 443 մլն դոլար, որից 248,8 մլն-ը գույքային համալիրի ձեռքերման նպատակով։
«ՀայՌուսգազարդ»-ի տնօրենի խոսքով՝ 5-րդ էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիան նախատեսված է հարեւան երկրներ արտահանման համար։


































