«Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Թուրքիայի դեմ հայ ժողովրդի պայքարն է իր իրավունքների համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով թուրքական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կստորագրվեն արձանագրությունները։
«Մի անգամ արդեն ընտրել ենք դժվար ճանապարհ. արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ունենք։ Հայ ժողովուրդը Թուրքիայի հարցում եւս պետք է հաստատակամություն ցուցաբերի»,- հայտարարել է Սահակյանը։ Նա նշել է նաեւ, որ եթե Թուրքիան ստորագրի արձանագրությունները, Հայաստանի իշխանությունները եւս պետք է ճանապարհներ գտնեն եւ ստորագրեն դրանք, եթե անգամ բողոքի ալիք բարձրանա։ «Մենք կստորագրենք արձանագրություններն անգամ վերապահումներով»,- նշել է Հանրապետական խմբակցության ղեկավարը։ Այդուհանդերձ, նա չի թաքցրել արձանագրությունների ստորագրման ռիսկայնությունը։ «Ամենամեծ ռիսկն այն է, որ մենք գործարքի մեջ ենք մտնում թուրքերի հետ։ Թուրքը թուրք էլ կմնա. Չկա ավելի վտանգավոր բան, քան նրանց հետ գործ ունենալը»,- հայտարարել է հանրապետական գործիչը։
Խոսելով Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության մասին՝ Սահակյանը նկատել է, որ նախագահը սփյուռքին համոզելու որեւէ բան չունի, պարզապես գնում է արտասահմանում ապրող հայերին ծանոթացնելու առկա գործընթացներին։ «Եթե անգամ ազգը չպաշտպանի Հայաստանի իշխանությունների գործողությունները, հայ-թուրքական գործընթացը կշարունակվի. հնարավոր է՝ այն մի փոքր երկարի, բայց, միեւնույն է, կանգ չի առնի,- հայտարարել է հանրապետական գործիչը՝ ավելացնելով,- տա Աստված, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից 10 տարի անց Հայաստանը դառնա հզոր եւ բարգավաճ պետություն, թող որ ՀՀԿ-ի իմիջի անկման հաշվին, որն իր վրա էր վերցրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատասխանատվության ամբողջ բեռը»։




























