ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկա է գտնվելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրմանը; NZZ online պարբերականի փոխանցմամբ, արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին: Այդ օրը Շվեյցարիա կայցելեն Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները: Քլինթոնի այցը դեռ չի հաստատվել, բայց հյուրանոցային համարներն արդեն ամրագրվել են:

Հիշեցնենք, որ, մեկնաբանելով, հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու հնարավորությունը, Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ոչ հերքել, ոչ հաստատել էր այն՝ հայտարարելով. «ԱԳՆ-ն պատշաճ ժամկետներում արձանագրությունների հետ կապված գործողությունների մասին կտեղեկացնի հանրությանը»:

Միեւնույն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե արձանագրությունները կստորագրեն երկու երկրների արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն եւ Էդվարդ Նալբանդյանը՝ հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում, իսկ դրանից հետո դրանք վավերացման համար կներկայացվեն երկու երկրների խորհրդարաններին: