Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցը լուրջ շփոթություն է առաջացրել Ադրբեջանում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցի շուրջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից եւ ԱԳՆ-ից հնչող հակասական մեկնաբանությունները:

Նրա խոսքով, դրա մասին են վկայում Ալիեւի աշխատակազմից եւ արտաքին քաղաքական գերատեսչության հնչող տարբեր տեսակետները դրա վերաբերյալ:

«Այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովը հայտարարում է, որ խիստ կասկածներ կան իրենց կողմից զեկույցի օբյեկտիվ լինել չլինելու հարցում, ԱԳՆ-ն, հայտարարում է, որ զեկույցը օբյեկտիվ է եւ թույլ է տալիս բացահայտել այդ տարածքներում տիրող իրավիճակը»,- ասել է Շարմազանովը:

Նա նաեւ հավելել է. «Հարկավոր է նշել, որ նման անկայուն եւ ոչ հստակ դիրքորոշումները, որոնք հաճախ կարելի է հանդիպել ադրբեջանական կողմի վարքագծում, տարակուսանքի պատճառ են հանդիսանում ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այնպես էլ միջազգային հանրության համար` ընկալելու ադրբեջանական կողմի ոչ ադեկվատ եւ իրարամերժ մոտեցումները»: