Ադրբեջանցիները քաջ գիտակցում են, որ առանց Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ինքնորոշման լիարժեք իրավունք տրամադրելու՝ Ղարաբաղյան հարցի լուծումն անհնար է։ Այս մասին, հուլիսի 7-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիտաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի. «Բաքուն երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը» հայտարարությունը։

Ըստ Օսկանյանի, Ալիեւը ուզում է խեղաթյուրել իրականությունը։ Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական գալիք իրադարձություններին, որոնք այս կամ այն չափով առնչվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, նախկին արտգործնախարարի խոսքերով, կտրուկ առաջընթաց պետք չէ ակնկալել։

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ մի շարք երկրներ այդ թվում նաեւ Թուրքիան, շահագռգրված են կարգավորման հարցում։ Սակայն հակամարտող կողմերը պատրաստ չեն դրան։ Դժվար է ասել, թե այս հարցում ինչի կստացվի միջազգային շահագռգրվածությունը եւ հակամարտող կողմերի միմյանց հակասող դիրքորոշումները իրար համադրելուց՝ մանավանդ, երբ առաջին գործոնը բավականին ուժեղ է, ասել է Վարդան Օսկանյանը։