Հայաստանում 2-3 ամսից բոլոր դեղատներում եւ ծննդատներում անվճար բաժանելու են «երաժշտական անտիվիրուս»` խտասկավառակներ Կոմիտասի շարականներով: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:

Նա հայտնել է, որ Կոմիտասի շարականներ է մշակել: Կոմպոզիտորը շարականների մշակմամբ զբաղվում է արդեն 20 տարի:

«Շուտով այդ շարականները հայերենով եւ անգլերենով թողարկվելու են խտասկավառակների վրա: Անգլերենով թողարկման պատճառն այն է, որ խազերը (նոտաների հին հայկական համակարգը) միջազգային նշանակություն ունի, որը լույս կսփռի այլ երաժշտության վրա: Երգերը պետք է հնչեն այնպես, ինչպես հնչել են նախկինում, իսկ նախկինում երգել են միայն տղամարդիկ` մեկ տակտով: Հենց այդպես էլ մենք արել ենք Սաղմոսավանքում, որտեղ լավ ակուստիկա կա»,- ասել է կոմպոզիտորը` նշելով, որ Կոմիտասի մշակած խազերը երկար տարիներ անհետ կորած էին համարվում, սակայն հայտնաբերվել են մեծ կոմպոզիտորի արխիվում:

«Մեր ժողովուրդը շատ է սիրում Կոմիտաս: Կարող եք գնալ գյուղերը եւ հարցնել մարդկանց: Դուք զզվել եք այն երաժշտությունից, որ հնչում է եթերում: Մեզ թուրքական երաժշտություն են ներկայացնում, թուրքական երգեր հայերենով, որպեսի դա փաթաթեն երիտասարդ սերնդին, թեեւ այսօր երաժշտական պատերազմ է»:

Կոմպոզիտորը մեջբերել է Կոմիտասի բառերը` «ցանկացած քարոզչություն արդյունավետ է երգի միջոցով», եւ «Կոմիտասյան զորակոչ» է հայտարարել:

Նշենք, որ խազերը` երաժշտական նոտաներ էին, որ օգտագործվել են միջնադարյան Հայաստանում: