Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն դադարեցնում է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայում» ելույթները: Այս մասին հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը:

Այսօր նա պետք է մասնակցեր «Մակբեթ» օպերային, հաղորդում է Euronews-ը:  

Նյու Յորքում Դոմինգոն ելույթ է ունեցել ավելի քան կես դար, սակայն սեռական ոտնձգությունների սկանդալի ֆոնին՝ «Մետրոպոլիտեն օպերան» որոշել է խզել տենորի հետ կապը:

Օգոստոսին 9 կին օպերային երգչին մեղադրել էր սեռական ոտնձգությունների մեջ: Նրանց խոսքով՝ դա տեղի է ունեցել 80-ականներին: Սեպտեմբերի սկզբին նրանց է միացել եւս 11 կին: Սկանդալի ֆոնին ԱՄՆ-ի մի շարք թատրոններ որոշել են չեղարկել Դոմինգոյի ելույթները:

Եվրոպայում դեպքին զուսպ են արձագանքել՝ հրավերների մեծ մասն ուժի մեջ են թողել: Ավստրիայում եւ Հունգարիայում տենորի ելույթները ծափահարություններով են դիմավորել: