Լիբիայի Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆին կոչ է արել կոալիցիոն երկրների առաջնորդներին անհապաղ հրաժարական տալ, որպեսզի կանգնեցնեն «խելագար արյունահեղությունը, ուժի օրենքի հաղթանակը` օրենքի ուժի նկատմամբ, եւ միջերկրածովյան տարածաշրջանի ընդհանուր շահերի ոչնչացումը»: Այս մասին ասված է Քադաֆիի ելույթում, որը հրապարակել է Լիբիայի պետական «Ջանա» գործակալությունը։
«Այս արկածախնդիրները ցանկանում են մեզ միջնադար նետել, եւ սկսել են վտանգավոր մի պատերազմ, որի նկատմամբ շուտով կկորցնեն վերահսկողությունը»,- ասել է Քադաֆին։ Նա նաեւ կոչ է արել արեւմտյան երկրների ժողովուրդներին «իրենց համար նոր առաջնորդներ ընտրել, որոնք կհարգեն երկրների միջեւ միջպետական հարաբերությունները եւ կհասկանան միջազգային հարաբերությունների եւ միջազգային օրենքների իմաստը», հաղորդում է Gazeta.ru։
Հակառակ դեպքում, Քադաֆիի խոսքով, «աշխարհը շուտով ականատես կլինի սարսափելի պատերազմի, մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ» տարածաշրջանում։





























