Հայաստանի նախագահի նստավայրում այսօր` ապրիլի 1-ին տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ հրաժեշտի արարողությունը տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ տիկին Միշելին Կալմի-Ռեյի այցից հետո Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ հարաբերություններն ավելի կամրապնդվեն: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիր Շվեյցարիայի նախագահի առաջին պաշտոնական այցը, որի ընթացքում քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, խթան կհանդիսանա հայ-շվեյցարական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը եւ՛ երկկողմ, եւ՛ բազմակողմ ձեւաչափերում:
Շվեյցարիայի նախագահը եւս գոհունակությամբ է խոսել այցի արդյունքների մասին` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: «Այս այցելությունը ցույց է տալիս, որ մեր երկու երկրներն էլ կամք ունեն երկկողմ հարաբերությունները զարգացնելու: Դուք գիտեք, որ Շվեյցարիան հավատարիմ գործընկեր եւ բարեկամ երկիր է»,-հրաժեշտից առաջ ասել է Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյը:





























