«Հարեւան պետությունների միջեւ վստահությունն ու միմյանց հաշվետու լինելը տարածաշրջանում տեւական համգործակցության ու կայուն անվտանգության երաշխիքներ են: Մենք Հարավային Կովկասում դեռեւս պետք է դրան հասնենք»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում:

«Մեր տարածաշրջանը, փաստացիորեն, աշխարհի քաղաքական քարտեզի վրա ամենազգայուն թեժ կետերից մեկն է, որը լի է անվտանգության սպառնալիքներով ու վտանգներով: Տարածաշրջանը ցնցվում է հակամարտություններից ու միջպետական լարվածություններից, բաժանարար գծերից ու տնտեսական շրջափակումից: Փակ սահմաններն ու խաթարված հարաբերությունները կենսակերպ են դարձել: Այնուհանդերձ, հույս կա, որ համարձակ քայլերն ու դրանց համարձակ պատասխանը հնարավոր դարձնեն իրավիճակի բարելավումը»,- ընդգծել է նա:

Նալբանդյանի խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ անցյալ սեպտեմբերին սկսվեց նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ու անվանվեց «ֆուտբոլային դիվանագիտություն», խոստանում է արդյունքներ տալ` չնայած բոլոր դժվարություններին:

Անցյալ տարվա ընթացքում շվեյցարացի միջնորդների ու միջազգային այլ գործընկերների օգնությամբ մեզ հաջողվել է առաջխաղացում գրանցել Եվրոպայում վերջին փակ սահմանի բացման ու առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Մենք ուզում ենք լիահույս լինել, որ անհրաժեշտ քաղաքական կամքը ի վերջո հնարավորություն կտա ձերբազատվելու անցյալի մտածելակերպից, եւ իմաստությունն ու խիզախությունը կգերակշռեն` վերջին որոշիչ քայլերն անելու համար: Մեզ համար խրախուսիչ էր միջազգային հանրության աջակցությունը: Մենք լավ ենք գիտակցում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը ինչ հիմնարար ու դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի անվտանգության ու կայունության առումով»,- ընդգծեց Նալբանդյանը: