Ռուսաստանի Արդարադատության նախարարությունն առաջարկում է սաստկացնել պետական տեղեկատվական ռեսուրսները կոտրելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը,- հաղորդում է «Վեդոմոստի» թերթը։ Ռուսական Արդարադատության նախարարության նոր ծրագիրը շուտով Պետդումայի քննարկմանը կներկայացվի կառավարության կողմից։
Օրինագծի համաձայն, պետական կայքերից առանց թույլտվության օգտվելու համար նախատեսվում է մինչեւ 7 տարվա ազատազրկում, մինչ այժմ նման հանցանքը նախատեսում էր մինչեւ 5 տարվա ազատազրկում։
Օրենքի նոր նախագծի համաձայն, համաշխարհային Ինտերնետ ցանցի ռուսական հատվածում գործող ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունները ստիպված կլինեն օգտվողների մասին տեղեկատվություն տրամադրել իրավապահ մարմիններին։ «Ինտերնետ ցանցի ռուսական հատվածում գործող Ինտերնետ ցանցի ծառայությունների օպերատորները պարտավոր են օպերատիվ-հետախուզական գործունեություն կամ ՌԴ անվտանգության ապահովումն իրականացնող պետական լիազոր մարմիններին տրամադրել օգտվողների եւ Ինտերնետ ծառայություններ մատուցողների մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ ՌԴ օրենսդրությամբ սահմանված դեպքերում այդ մարմինների վրա դրված խնդիրների կատարման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն»,- ասված է օրինագծում, որը հրապարակվել է Արդարադատության նախարարության կայքում։
Այդ պահանջի չկատարման դեպքում կարող է կիրառվել 1500-ից մինչեւ 40 հազար ռուբլու չափով տուգանք։




























