Այս պահին ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի քննչական հատուկ աշխատասենյակում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնի քննիչը ցուցմունք է վերցնում մարզի բնակիչ Մակիչ Սարդարյանից:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ քր.օր.-ի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով:

Մարտի 30-ին ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցները ահազանգ են ստանում Մարիամ Սարգսյանից, եվ հայտնում է, թե գնացել է եղբոր տուն` Արարատի կայարանի 8 հասցեում: Տան դուռը բաց է եղել, եւ նա տեսել է եղբորը մահացած վիճակում:

Նշված հասցե են մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ Սեւան Քոչարյանի գլխավորությամբ: Նշված հասցե են հրավիրել նաեւ դատաբժշկին: Նույն օրը դատաբժիշկը բռնության հետեքեր չի հայտնաբերել դիակի վրա: Սակայն հաջորդ օրը եզրակացություն է տրվել, որ Ստեփան Սարգսյանի մահվան պատճառ է հանդիսացել գլխի վնասվածքը:

Օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվել է իրականությունը: Խումբը տեղեկություն է ստանում, որ սպանվածի տանն է եղել 40-ամյա Մակիչ Սարդարյանը: Սարդարյանը մշտական բնակության վայր չի ունեցել, ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցներն աշխատել են մի քանի ուղղություններով, եւ մարզի Ուրցաձոր գյուղում հայտնաբերում են Մակիչին ու բերման ենթարկում ոստիկանություն: Նա խոստովանում է, որ իր եւ Ստեփանի միջեւ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, իրար քաշքշել են, Ստեփանին գրկել եւ նրա գլուխը հարվածել է մահճակալի երկաթե ճաղավանդակին եւ պատին: Մակիչը այնուհետ հեռացել է` իր ետեւից փակելով տան դուռը:

Հավանաբար արդեն վաղը քննչական մարմինը կդիմի Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, որպեսզի Մակիչ Սարդարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացվի:

 Մակիչ Սարդարյան

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի