Փաշինյանի դիրքորոշման փոփոխությունը ԵՏՄ-ում Հայաստանի դերի մասին ընդդիմադրի դերում եւ վարչապետի դերում չի զարմացնում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հոկտեմբերի 2-ին ասաց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, որ մենք խոսում ենք արդեն կայացած փաստի մասին, եւ եթե այժմ որոշենք դուրս գալ միությունից, ապա դա կստեղծի բազմաթիվ խնդիրներ, այդ թվում հնարավոր է սրացում Ղարաբաղում։ «Իմ դիրքորոշումն այն է, որ Հայաստանը չպետք է միանար ԵՏՄ-ին, ինչպես նաեւ չստորագրեր ԵՄ-ի հետ Համաձայնագիրն ու չեզոքություն պահեր»,- նշել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ Պուտինի եւ Փաշինյանի հանդիպումը նորմալ է անցել։ «Անհասկանալի է, թե ինչով էր պայմանավորված հիստերիան՝ կապված այն բանի հետ, թե կհանդիպի արդյոք Պուտինը Փաշինյանի եւ Քոչարյանի հետ, թե ոչ։ Բայց տարօրինակ է, որ Փաշինյանը չդիմավորեց Պուտինին՝ նկատի ունենալով այն, որ նա գերտերության առաջնորդ է եւ ՄԱԿ ԱԽ անդամ։ Ամբողջ ինտրիգը ցրվեց Պուտինի եւ Փաշինյանի երկու հանդիպումներից հետո»,- ասել է Անտինյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Սինգապուրը կարող է միայն ոգեւորության աղբյուր լինել մեզ համար, քանի որ լուրջ տնտեսական հարաբերություններ Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ չարժե սպասել։ «Այլ բան է Իրանը, որի հետ կարելի է ակտիվորեն զարգացնել հարաբերություններ՝ միեւնույն ժամանակ պահպանելով այն հավասարակշռությունը, որը խնդիրներ չի ստեղծի ԱՄՆ-ի հետ։ Իրանի եւ ԱՄՆ հակամարտության առումով Հայաստանը պետք է որդեգրի ակտիվ չեզոքության դիրքորոշում»,- ասել է քաղաքագետը։