Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` ապրիլի 1-ին այցելել է PepsiCo International-ի հայաստանյան ներկայացուցիչ «Ջերմուկ ինթերնեյշնլ» ընկերություն՝ ծանոթանալու եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաստեղծ ձեռնարկությունում իրականացվող աշխատանքների ընթացքին։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մի շարք ապրանքային նշաններով կարբոնացված քաղցրահամ ըմպելիքների արտադրության կազմակերպման նպատակով դեռեւս անցյալ տարի «Ջերմուկ ինթերնեյշնլ» ՍՊԸ կողմից ներմուծվել է ավելի քան 2,8 մլրդ դրամ արժողությամբ սարքավորումներ, որի համար ՀՀ կառավարության 2010 թ. նոյեմբերի 11-ի որոշմամբ իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի շուրջ 560 մլն դրամի վճարման ժամկետը հետաձգվել է մինչեւ 2013 թվականի հոկտեմբերի 25-ը։

Ձեռնարկության գործարկումն ու պաշտոնական բացումը նախատեսված է 2011 թվականի մայիսին. հատկանշական է, որ հիմնական արտադրատեսակներն իրացվելու են ՀՀ տարածքում, իսկ վերադարձվող ապակե շշերով արտադրանքը նաեւ կարտահանվի Վրաստան։ Նախատեսվում է, որ կստեղծվի 250 աշխատատեղ` մասնավոր հատվածում միջինից բարձր աշխատավարձով։

Պատվիրված է եւ առաջիկայում կտեղադրվի PepsiCo International ընկերության բրենդներով բնական հյութի արտադրության նոր հոսքագիծ, որի արտադրատեսակները կիրացվեն ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: