Ծիծաղելի է դա, թե` ոչ այնքան, բայց NEWS.am-ի կողմից հարցված երեւանցիներից շատերը նշեցին, որ իրենց կյանքում ապրիլի 1-ը, որպես ծիծաղի եւ երգիծանքի օր, ընկերների կամ ընտանիքի անդամների հետ երբեւէ չեն նշել, այլ բավարարվել են միայն միմյանց ստելով եւ «տափակ» կատակներ անելով։

Հարցվածներից միայն մեկը՝ 50-ամյա ֆիզիկոս Արմենն ասաց, որ «ջահելության տարիներին» ընկերներով գրեթե միշտ նշել են տոնը, ուրախացել ու ապրիլի 1-ին իրար գլխի «օյիններ» խաղացել։ «Բայց հիմա տոնը չենք նշում, գուցե պառավել ենք, գուցե կյանքն է փոխվել, չգիտեմ»,- մի տեսակ ափսոսանքով ասաց նա։

Հարցին, թե հասցրե՞լ են այսօր խաբել իրեն, նա ծիծաղելով պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, մինչեւ հիմա գլխի չեմ ընկել»։

Շինարար Արսենն էլ ասաց, որ կատակի համաշխարհային օրը նշելու ժամանակ չունի, քանի որ շատ է աշխատում եւ նման բաների համար ժամանակ չի ունենում։ «Եթե կարելի է նշել համարել, ապա ողջ օրվա ընթացքում փորձում եմ խաբել ընկերներիս, բայց նրանք, մեկ է, ինձ չեն հավատում, հետո էլ մտածում եմ, գնամ տուն՝ կնոջս ինչպես խաբեմ»,- ասաց նա։

Շատ աշխատելու եւ տոնն ընկերների հետ նշելու ժամանակ չունենալու մասին նշեց նաեւ գրասենյակային աշխատող Մարիամը։ Երբ հարցրեցինք՝ հասցրե՞լ է այսօր որեւէ մեկին խաբել կամ խաբե՞լ են արդյոք իրեն, Մարիամն ասաց. «Թու-թու-թու, չէ։ Չեմ սիրում, երբ ինձ խաբում են, ես էլ ուրիշներին չեմ խաբում»։

Ապրիլի 1-ին զգոն լինելու կոչ արեց իրեն «հավերժ ուսանող» անվանած 30-ամյա Կարինեն, ով նշեց, որ ծիծաղի օրը նշում է ընկերների հետ՝ նրանցից մեկնումեկի տանը։ «Ես անձամբ այդ օրը նախընտրում եմ զգոն լինել թե՛ տանը, թե՛ համալսարանում, թե՛ մանավանդ՝ փողոցում։ Ուղղակի տոնը նշում ենք մարդկանց աչքից հեռու, որպեսզի հասարակական վայրում մեր տարօրինակ կատակներն աչքի չընկնեն։ Կիսախելագար, կիսակատակ-կիսաուրախ ժամանց ենք կազմակերպում»,- պատմեց նա։

Երկեւ երեխաների մայր Անահիտն էլ ասաց, որ անհամբերությամբ սպասում է տուն հասնելուն, որպեսզի տեսնի՝ ի՞նչ անակնկալ են այսօր պատրաստել իր համար աղջիկները։ «Ինչ վերաբերում է ստին, ապա այսօր ստել եմ միայն ամուսնուս։ Ասել եմ, իբր, նրա ավտոմեքենայի անվադողերն են գողացել, նա էլ բարկացել է  վրա»,- մեղավոր ժպիտով ասաց նա։

Երեւանի պետական համալսարանի ուսանող Կարենն էլ նշեց, որ տոնը, որպես այդպիսին, ոչ մի անգամ չի նշել, սակայն հասցրել է հավատալ այսօր առավոտյան իր հետ կատակած մոր ստին։ «Ասաց, վերնաշապիկս պատռվել է։ Քանի որ հագուկապիս հիվանդագին բծախնդրությամբ եմ մոտենում, հավատացի եւ անհանգստացա»,- պատմեց նա։

Մանկապարտեզի դաստիարակչուհի Արմինեն ասաց, որ ինքը շատ դյուրահավատ մարդ է եւ հավատում է անխտիր բոլոր ստերին։ «Մի անգամ բարեկամուհիս ասաց, որ ծանր վիճակում հիվանդանոցում գտնվող իր հայրը փախել է այնտեղից եւ շարժվել է  մեր տան ուղղությամբ։ Ես, իհարկե, հավատացի, եւ ուզում էի իջնել ներքեւ, գտնել նրան եւ մեր տուն բերել»,- նշեց նա։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 1-ին, նշվում է ծիծաղի եւ հումորի համաշխարհային օրը։ Հայաստանի կառավարությունը 5 տարի առաջ` 2006-ի փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի 1–ը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի եւ երգիծանքի օր: