Շիրակի մարզում քր.գործ է հարուցվել Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից դրամահավաքության դեպքի կապակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Շիրակի մարզի Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցի 2008-2009թթ. շրջանավարտների դասղեկ Ա. Բաղդասարյանը գրավոր դիմում էր ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն՝ ահազանգելով նշված դպրոցում տեղի ունեցած ապօրինի դրամահավաքության վերաբերյալ: Շիրակի մարզի դատախազը դիմումն օրենքով սահմանված կարգով ուղարկել է ոստիկանության՝ Շիրակի մարզի քննչական բաժին՝ ստուգելու դիմումում առաջ քաշված փաստարկները:

Նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Լ.Մելիքյանը 2009թ. հունիսի 1-ին փոխտնօրեն Մ. Խոջումյանին հանձնարարել է դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտից վերցնել 4000-ական դրամ՝ այլապես դպրոցի ավարտական քննությունները չեն կայանա, եւ շրջանավարտներն ավարտական վկայականներ չեն ստանա:

Այնուհետեւ դպրոցի փոխտնօրենը հրավիրել է ծնողական ժողով եւ շրջանավարտների ծնողներին հայտնել տնօրենի պահանջը: Տնօրենի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու եւ վերջինիս կողմից ավարտական քննություններին չխոչընդոտելու համար՝ 12 շրջանավարտներից՝ թվով 8-ի ծնողները հունիսի 2-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակահատվածում 4000-ական դրամ են հավաքել եւ ընդհանուր 32 000 դրամ գումար տվել փոխտնօրեն Մ. Խոջումյանին:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական ՝ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: