Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն հեռացել է Լոս Անջելեսի օպերային թատրոնից։ Նա օգնել է դրա հիմնադրմանը, 16 տարի գլխավորել է այն, բայց չեղարկել է այնտեղ նախատեսված բոլոր ելույթները սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով, տեղեկացնում է BBC-ն։

«Իմ հասցեին վերջերս հնչած մեղադրանքներն այնպիսի մթնոլորտ են ստեղծել, երբ սիրելի ընկերությանը ծառայելու կարողությունս սպառնալիքի տակ է դրվել։ Եվ թեեւ կշարունակեմ պաշտպանել անունս, ես որոշել եմ, որ թատրոնի շահերից ելնելով ավելի լավ կլինի, եթե հրաժարական տամ գլխավոր տնօրենի պաշտոնից եւ հրաժարվեմ նախատեսված բոլոր ելույթներից»,- Պլասիդո Դոմինգոյի հայտարարությունը մեջբերել է CNN-ը։

Ավելի վաղ իսպանացի տենորի հյուրախաղերը ԱՄՆ այլ հարթակներում նույնպես չեղարկվել էին։ Անցած շաբաթ Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերան խզեց պայմանագիրը երաժշտի հետ։ Դոմինգոյի հեռանալը Լոս Անջելեսի թատրոնից, որտեղ նա աշխատել է ավելի քան 20 տարի եւ եղել նրա գլխավոր տնօրենը, փաստորեն վերջակետ է դնում մաեստրոյի կարիերային Ամերիկայում, որտեղ նա ապրել է գրեթե 50 տարի։

Դոմինգոն հերքում է մեղադրանքները եւ խոստանում «մաքրել իր անունը»։ Երգչի եվրոպական հյուրախաղերի ժամանակացույցում ներկա պահին փոփոխություններ չկան։

Քսան կին մեղադրել է երգչին անպարկեշտ պահվածքի, իսկ որոշ դեպքերում, երբ կանայք մերժել են նրան, օպերային-թատերական աշխարհում ունեցած ռենոմեն  օգտագործելու մեջ, որպեսզի խանգարի նրանց ստեղծագործական կարիերային։