Լուրերը, թե հայաստանյան տուրիստական գործակալությունները վաղվանից՝ ապրիլի 2-ից վերականգնում են դեպի Եգիպտոս զբոսաշրջային փաթեթների վաճառքը, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին մի շարք տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ։

Լավ է, դա թե` վատ, բայց հայաստանցի զբոսաշրջիկները ստիպված են մի փոքր էլ զսպել իրենց կողմից այնքան սիրված Եգիպտոս մեկնելու եւ այնտեղ հանգստանալու բուռն ցանկությունը, քանի որ դեպի այդ երկիր չարտերային չվերթերը շարունակում են անորոշ ժամկետով  հետաձգված մնալ։

Նշենք, որ հունվարից Եգիպտոսում սկսված հուզումների հետեւանքով աշխարհի շատ երկրների իշխանություններ իրենց քաղաքացիներին հորդորել էին զերծ մնալ այդ երկիր հանգստանալ մեկնելու որոշումից։

Օրեր շարունակ տեւած հակակառավարական ցույցերի արդյունքում Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, ով երկիրը ղեկավարում էր 30 տարի, փետրվարի 11-ին ի վերջո հրաժարական էր տվել եւ իշխանությունը փոխանցել էր բանակին:

Իրավապահ մարմինների հետ բախումների արդյունքում Եգիպտոսի մի շարք քաղաքներում զոհվել էր շուրջ 300 ցուցարար։