Հայաստանի ոստիկանությունում աշխատավարձը ուշացումով վճարելու որեւէ դեպք չի եղել ոչ միայն վերջին երեք ամիսներին, այլեւ` վերջին տարիներին ընդհանրապես: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունն իր պաշտոնական կայքում զետեղված պարզաբանումից: Այն վերաբերում է «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա` ապրիլի 2-ի համարում տեղ գտած հրապարակմանը:

Ըստ ոստիկանության, թերթը  «հղում անելով իրենց հասած լուրերին, հայտնում է, թե ոստիկանության ղեկավարությունը աշխատակիցներից, հիմնականում շարքային անձնակազմից, պահանջում է ազատվելու դիմումներ գրել` ստորագրությամբ, բայց առանց ամսաթիվը նշելու: Որպես «երեւույթի» պատճառ թերթը նշում է թանկացումների հետեւանքով ոստիկանների` սոցիալական խնդիրները լուծել չկարողանալն ու վերջին երեք ամսին աշխատավարձն ուշացումներով ստանալը:

Սոցիալական դժվարությունների ու «Դիմումներ գործողության» միջեւ որեւէ խելամիտ ու տրամաբանական կապ չհայտնաբերելով հանդերձ` հարկ ենք համարում պարզաբանել, ՀՀ ոստիկանությունում աշխատավարձը ուշացումով վճարելու որեւէ դեպք չի եղել ոչ միայն վերջին երեք ամիսներին, այլեւ` վերջին տարիներին ընդհանրապես: Ինչ վերաբերում է դիմումներ հավաքելու տարօրինակ «ակցիային», ինչը նույնպես հորինվածք է, ապա դրա տրամաբանությունը երեւի գիտեն միայն օրաթերթի «աղբյուրները»,-տեղեկացնում է Ոստիկանությունը: