Ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել իրեն «պրոդյուսեր» ներկայացրած եւ մարդկանց կեղծ տոմսեր վաճառած անձի դեմ`  ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խարդախություն):

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 31-ին ոստիկանության Արմավիրի մարզի Մեծամորի բաժին է դիմել Մեծամորի թիվ 2-րդ մսուր-մանկապարտեզի բուժքույր Լիաննա Պետրոսյանը եւ հայտնել, որ ոմն Դավիթ մանկապարտեզում իր ընկերոջ հետ ներկայացել է որպես «Նարեկ Դուրյան»  թատրոնի պրոդյուսեր եւ հայտնել, որ իրենց քաղաքի մշակույթի տանը Նարեկ Դուրյանի մասնակցությամբ տեղի է ունենալու «Սե լա վի» ներկայացումը:

Ոմն Դավիթը մանկապարտեզի կոլեկտիվին վաճառել էր 18 000 դրամի տոմս: Սակայն ներկայացումն այդպես էլ տեղի չէր ունեցել: Մեծամորի ոստիկանները պարզում են, որ ոմն Դավիթը հանդիսանում է նախկինում 3 անգամ դատապարտված, որից մեկը` Ռուսաստանում, 40-ամյա Դավիթ Գեորգիի Գրիգորյանը, որը բնակվում է Վանաձոր քաղաքում: Իսկ նրա գործընկերը համաքաղաքացի 32-ամյա Սասուն Վազգենի Մկրտչյանն է:

Վերջիններս Մեծամորի ոստիկանության աշխատակիցների կողմից բերման են ենթարկվում: Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվում է հիշյալ ներկայացման տոմսեր: Պարզվում է նաեւ, որ նրանք «Սե լա վի»-ի 46 000 դրամի տոմսեր են վաճառել Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհարիկ Ներսիսյանին:

Իրավապահները ճշտել են, որ նշված ներկայացման բեմադրությունը Մեծամորի մշակույթի տանը նախատեսված չի եղել: Օպերատիվ-քննչական խումբը արդեն հայտնաբերել է Վանաձորում գտնվող այն տպարանը, որտեղ Դավիթը տպել է «Սե լա վի» ներկայացման տոմսերը:

Երեկ Նարեկ Դուրյանի «պրոդյուսերն» ու նրա վարորդը դեռեւս ոստիկանությունում էին: Իսկ այսօր քննչական մարմինը պետք է լուծի նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը:

   Դավիթ Գրիգորյան

 

   Սասուն Մկրտչյան

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի