Ապրիլի 2-ի գիշերը, ժամը 02:30-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեփսիուսի 6-րդ փողոցի բնակիչ 22-ամյա Սարգիս Շահնազարյանը վարելով «ՎԱԶ-21101» մակնիշի 24 ՏԼ 384 համարանիշի ավտոմեքենան Դրոյի փողոցի 39 տար դիմաց բախվել է գազի խողովակի հենասյանը: Բախման հետեւանքով վնասվել է գազի խողովակը եւ գազի արտահոսք է սկսվել:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի աշխատակիցները եւ գազի մասնագետները:
Դեպքի վայրից մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Ս. Շահնազարյանը եւ ուղեւոր` Լեփսիուսի 6 փողոցի բնակիչ 21-ամյա Գոռ Ղազարյանը:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Մանվել Մուրադյանը: Նրա հանձնարարականով Երեւանի ՃՈ աշխատակիցները ավտոմեքենան տեղափոխեցին տուգանային հրապարակ:


Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























