Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորհրդական Ջեյմս Լ. Ջոնսը չի կարողացել հստակ պատասխան տալ Միացյալ Նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու Թուրքիայի շարունակական ջանքերի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 82 անդամների՝ իրեն հասցեագրված նամակին,- հայտնում է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն։

Խորհրդականի սեպտեմբերի 17-ով թվագրված նամակում նա խուսափում է Հայաստանի հետ բանակցային գործընթացում սեփական պարտավորությունները կատարելու Անկարայի չկամությանն առնչվող հարցերի քննարկումից, ինչպես նաեւ չի անդրադառնում Միացյալ Նահանգների կողմից Ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու նպատակով Թուրքիայի կողմից ձեւական երկխոսություն սկսելու մտադրությանը։ Իր նամակում Ջոնսն օգտագործել է բավականին խուսափողական ու այլաբանական արտահայտություններ՝ հանցագործության (նկատի է առնվում Ցեղասպանությունը) արդարացի ու ուղղակի ճանաչման փոխարեն, մի հանցագործություն, որը նախագահ Օբաման դեռեւս սենատոր եւ նախագահի թեկնածու եղած ժամանակ, որակել էր որպես «աններելի»։

Հիշեցնենք, որ ս. թ. հուլիսի 30-ին 82 կոնգրեսականները պետության ղեկավարին հասցեագրված նամակում իրենց անհանգստությունն էին հայտնել Թուրքիայի գործողությունների կապակցությամբ։ Նամակում, մասնավորապես, ընդգծվում էր, որ իր պարտավորություններից Թուրքիայի հրաժարվելու լույսի ներքո Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ նախագահի կողմից առանձնահատուկ կարեւորություն է ներկայացնում։

"Այնպիսի տպավորություն է, թե Թուրքիան համաձայնել է «ճանապարհային քարտեզին» Ցեղասպանության ճանաչումը կասեցնելու նպատակով, որը սկզբնապես չէր մտնում նրա ծրագրերի մեջ։ Այդ պատճառով մենք կոչ ենք անում Ձեր վարչակազմին՝միմյանցից տարանջատել հարաբերությունների կարգավորման ու Ցեղասպանության ճանաչման հարցերը։ Մենք հույս ունենք, որ վարչակազմի վերսկսված ջանքերն ու միջոցները կարող են օգտագործվել ի նպաստ հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում կարգավորելուն, դրանով իսկ շարունակելով Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը նպաստելու Ձեր նախաձեռնությունը, գրված էր կոնգրեսականների այդ նամակում։