Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նկատելի առաջընթացի բացակայության պատճառը Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն է, հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարարը «Առավոտ» օրաթերթում լույս տեսած հարցազրույցում:
Շավարշ Քոչարյանի բացատրությամբ, Ադրբեջանի իշխանության գործողություններում անհետեւողականություն է նկատվում։ Նրանք փաստաթուղթ են ստորագրում ուժ չգործադրելու մասին եւ միեւնույն ժամանակ սպառնում` հակամարտությունը լուծել ռազմական եղանակով: Ադրբեջանի ղեկավարությունը նաեւ հայտարարում է, թե իբր ընդունում է մադրիդյան համաձայնագիրը` միաժամանակ բացասելով նրա գոյությունը: Նման ոչ կառուցողական քաղաքականությունը հոգնեցնում է միջազգային հանրությանը, կարծում է Քոչարյանը: Այդ պատճառով ադրբեջանական իշխանությունը հարկադրված էր զիջել դիրքերը, ինչի մասին վկայում է ինչպես մադրիդյան համաձայնագիրը, այնպես էլ` Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումն ու միջազգային կառույցների ներկայացուցիչների դրական արձագանքները` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո:
Հայաստանի փոխարտգործնախարարը առիթը բաց չթողեց հայտարարելու նաեւ, որ Ադրբեջանը բանակցային գործընթացն օգտագործում է որպես վարագույր սեփական դիրքորոշումներն արտահայտելու համար. մինչդեռ դա ոչնչով չի կարող նպաստել հակամարտության կարգավորմանը: Բացի դրանից, Քոչարյանն ընդգծել է, որ սխալ է շեշտը դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա, ինչպես այժմ անում է այդ երկրի իշխանությունը, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում առաջացան երկու իրավահավասար պետություններ` Լեռնային Ղարաբաղի հանրապետություն եւ Ադրբեջան: Քոչարյանի կարծիքով, Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարություն «նվիրելու» միջոցով հակամարտությունն անհնար է լուծել, եւ ադրբեջանական իշխանությունը պետք է գիտակցի, որ հետադարձ ճանապարհ չկա: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առնչությամբ կարելի է նոր հանրաքվե անցկացնել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը բանակցային գործընթացն այլեւս չօգտագործի իրականությունից կտրված իր մոտեցումները պարտադրելու համար եւ ճանաչի Լեռնային Ղարաբաղը, որպես բանակցությունների լիիրավ կողմ: Հակամարտության հաջող կարգավորման համար անհրաժեշտ է հաշվի առնել Ղարաբաղի կարգավիճակը, համոզված է արտաքին գործերի փոխնախարարը:



























