Հայ գործարարը Հայաստանում գոյատեւելու հնարավորություն այլեւս չի տեսնում, ուստի փակում է իր բիզնեսն ու հեռանում երկրից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Սերգեյ Գաբրիելյանը, հավելելով, որ երբեմն հայ գործարարները տեղափոխվում են հարեւան Վրաստան:
Փոքր ու միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղում եւս չեն ժխտել , որ դրությունը բարդ է եւ շնորհալի ու բիզնեսում հմտացած շատ գործարարներ դադարեցրել են իրենց գործունեությունն ու հեռացել: «Շատերը խոսում են Վրաստանի մասին, մեջբերում տնտեսվարողի համար հարեւան երկրի պայմանները ու դժգոհում, որ մեզ մոտ դժվար է: Ես չգիտեմ Վրաստանում պայմաններն ինչպես են, միգուցե հարկային քաղաքականությունը մեղմ է, բայց մեզ մոտ էլ բանկային վարկերից օգտվելու գործառույթն է պարզեցված, ցանկացած ձեռներեց կարող է վարկ վերցնել: Ուրիշ հարց է, որ շատերն ի վիճակի չեն, քանի որ տոկոսները բարձր են, բայց վարկեր վերցնելը հեշտ է»,-ասել է Փոքր ու միջին բիզնեսի ազգային զարգացման կենտրոնի Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Արթուր Զաքարյանը`շարունակելով. «Միգուցե հարակայինի բեռն է պատճառը, միգուցե հարկային սողանցքներ են, որոնցից օգտվելով հարկային պետական մարմիններն ու չինովնիկները նեղացնում են տնտեսավարողին»:




























