«Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն իշխանությունների վերջին տարիների վարած սխալ քաղաքականության հետեւանքն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։ Առկա ներքաղաքական վիճակը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը հետեւանք համարելով այն բանի, որ Թուրքիայի հետ գաղտնի բանակցությունների սկիզբը դրվել է դեռեւս 1998 թվականից` Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, Լեւոն Զուրաբյանը նշեց, որ այժմ նրա գործը շարունակում է Սերժ Սարգսյանը, հետեւաբար պատասխանատվության ամբողջ մեղքը ծանրանում է նրանց երկուսի ուսերին։ Նրա խոսքով, «ստեղծված իրավիճակի պատճառը Քոչարյան- Սարգսյան անբաժան կլանն է»։
Անդրադառնալով «Ժառանգության» եւ Դաշնակցության՝ միասնաբար հանդես գալու նախաձեռնությանը, ՀԱԿ համակարգողը հատկապես վերջինների գործողությունները համարեց անլուրջ, իսկ «հերթափոխով հացադուլը՝ ծիծաղելի»: Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, եթե ընդդիմությունը չի պահանջում իշխանությունների հրաժարականը, ապա այն իրական ընդդիմություն չէ։ «Երբ նրանց գործողությունները լուրջ բնույթ կստանան, հնարավոր է ՀԱԿ-ը աջակցի նրանց»,- ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ կտա նախագահի՝ հոկտեմբերի 1-ից սկսվող ուղեւորությունների շարքը Սփյուռք, Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ իշխանությունները կանեն ամեն բան, որպեսզի պատկեր ստեղծվի, թե Սփյուռքն աջակցում է իրենց գործողություններին։ Նրա համոզմամբ, «կամերային հավաքները», շնորհիվ մի շարք լոյալ մարդկանց, թերեւս, ստացվեն, բայց բողոքի ակցիաներ եւ ցույցեր եւս կլինեն։




























