ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է ուկրաինական կողմի մեղադրանքները, ըստ որոնց` Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն արտադրում է ուկրաինական ընկերությունների կողմից արտադրվող օղիներին նման խմիչքներ: Ըստ ուկրաինական «էկոնոմիչեսկիե իզվեստիյա» թերթի` «Ալեքս Գրիգի» արտադրած «Ուկրաինա» օղին անասելի նման է «Ալեֆ-Վինալ» ընկերություն արտադրած «Ուկրաինկա»-ին, «Խլոպվի» օղին նման է «Խորտիցա»-ին, «Պրեմիումը»` «Պրայմ»-ին: Մոլորության մեջ է գցում նաեւ «Խլեբնի դար» անունով օղին:
«Նման բան չկա: Ես իրանց արաղների նման արաղ, օրինակ` «Ուկրաինա», «Խորտիցա», վաղուց չեմ արտադրում: Մենք նման արաղներ առաջ էինք արտադրում, հիմա` չէ: Քանի որ առաջ արտադրել ենք, տուգանվել ենք դրա համար, մտածում են` հիմա էլ ենք րտադրում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց Ալեքսանյանը:
Հարցին, թե ի՞նչ անվանումներ ունեցող օղիներ է արտադրում «Ալեքս Գրիգը», Ալեքսանյանը նշեց միայն երկու անուն. «Բելիյ Լեբեդ», «Ռուսսկի մյոդ»: Ամբողջ ցանկը նա չհրապարակեց, քանի որ. «Ես ի՞նչ հիշեմ, ինչ ենք արտադրում: Հարյուր ձեւի բան ենք արտադրել վախտին, հիմա ես ոնց հիշեմ ամբողջ ցանկը»: Պատգամավորը նկատեց նաեւ, ուկրաինական կողմի մեղադրանքները հանիրավի են եւ նշեց, որ այդ հարցերով «մեր իրավաբանները կզբաղվեն»:
Հիշեցնենք, որ Global Spirits ընկերության («Խորտիցա», «Շուստով», «Օրեանդա» ապրանքանիշեր) մարկետինգի գծով տնօրեն Գերոգի Մայորովը հայտնել է, որ Հայաստանում վաճառվում է օղի, որն արտաքնապես շատ նման է ուկրաինական ապրանքանիշներին: «Բայց շատ հեշտ է պարզել, ուկրաինական է, թե հայկական, անգամ շշից եւ պիտակից: Գլխավոր տարբերությունը գինն է: Տեղականը զգալիորեն զիջում է որակով եւ մի քանի անգամ էժան է»,- պնդել է նա:
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է «Ալեքս Գրիգ»-ին ընդհանուր առմամբ 2,5 միլիոն դրամով` օղու շուկայում անբարեխիղճ մրցակցության համար: Մասնագետների կարծիքով, հայկական ընկերության օղիները կարող են մոլորության մեջ գցել սպառողներին: «Ալեքս Գրիգի» ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել է, թե օղիների նմանությունը անբարեխիղճ մրցակցություն չի համարում եւ խոստացել է հանձնաժողովի որոշումը բողոքարկել դատարանում:
Ըստ պարբերականի ուկրաինացի գործարարները դժգոհել են, որ հայկական ընկերությունը պատկանում է Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, եւ «դատարանի որոշումները ոչինչ փոխել չեն կարող»:
Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Վալերի Պյատնիցկին հայտարարել է, թե այժմ աշխատանքներ են տարվում Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում: «Հայաստանում կան խախտումներ մենք շփվել ենք հայկական կողմի հետ, սակայն որեւէ պայմանավորվածության չեն հանգել»,- ասել է նա եւ հավելել, որ եթե ԱՀԿ-ի միջոցով էլ հարցը չլուծվի, ուկրաինական իշխանությունները միջոցներ կձեռնարկեն:



























