ՌԴ Մերձբայկալի երկրամասում Գոռնի գյուղում գտնվող զորամասում զինծառայողը կրակ է բացել իր 8 ծառայակիցների ուղղությամբ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Զոհվել է 8 մարդ, եւս 2-ը վիրավոր է, նրանց հոսպիտալացրել են: Վիրավորների կյանքին ոչինչ չի սպառնում: Զոհվածների թվում ժամկետային զինծառայողներ կան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կրակ է բացել ժամկետային զինծառայողը: Դեպքը տեղի է ունեցել ժամապահի փոփոխության ժամանակ: Կրակ բացած զինծառայողին ձերբակալել են: Նրա անունը չի նշվում: Հայտնի է միայն, որ նա վերանորոգման-տեխնիկական բազայի զինծառայող էր:

Նախարարությունում հայտնել են, որ զինծառայողը կարող էր կրակ բացել նյարդային խանգարման պատճառով, որը պայմանավորված է անձնական պատճառներով եւ կապ չունի ծառայության հետ: