Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինն առաջարկել է չեղարկել բջջային օպերատորների ռոումինգը ԵԱՏՄ երկրների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվեծ է նախ մեր երկրների քաղաքացիների համար, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր քաղաքացի պետք է գործնականում զգա տնտեսական ինտեգրման առավելությունները: Այդ նպատակով ես կարծում եմ, որ անհրաժեշտ է աշխատանք սկսել բջջային օպերատորների ռոումինգը չեղարկելու ուղղությամբ մեր ինտեգրացիոն միության շրջանակում»,-ասել է նա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ տեխնոլոգիաների տեսանկյունից բարդ չէ ծառայություններ տրամադրել ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ երկրի հյուրերին: «Հարցը կայանում է օրենսդրությունների եւ օպերատորների սակագների տարբերությունների մեջ»,-ասել է Մամինը: «Առաջարկում եմ մշակել եւ իրականացնել համատեղ ծրագիր ռոումինգի աստիճանական չեղարկման ուղղությամբ, ինչը թույլ կտա օպերատորներին խուսափել կորուստներից»,-ամփոփել է նա:




























