Առաջադրվել է ԵԱՏՄ ամբողջ տարածքում ռոումինգը չեղարկելու շուրջ աշխատելու խնդիր: Այդ մասին հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելիս հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խումբ:

Անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներին՝ նա հիշեցրել է Չինաստանի հետ առեւտրա-տնտեսական համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին, որը ստեղծում է Չինաստանի հետ համագործակցության ընդլայնման համատեքստում առավելագույն նպաստավոր ռեժիմ: «Այդ համաձայնագրի շրջանակում ստեղծվում են նոր ռեժիմներ մեր բիզնեսի պաշտպանության, տարբեր սահմանափակումներ հաղթահարելու առումով: Այդ համաձայնագիրը լրացվում է մեկ ուրիշ համաձայնագրով, որը վերաբերում է մաքսային ծառայությունների միջեւ տեղեկատվության փոխանակմանը»,-նշել է նա:

Սարգսյանն ընդգծել է ԵԱՏՄ 5 երկրներում կոմպետենցիայի կենտրոններ ստեղծելու հարցում թվային տեխնոլոգիաների ոլորտում իրավասու մարմինների միջեւ փոխգործակցության մասին համաձայնագրի կարեւորությունը: «Միջկառավարական խորհրդի հանձնարարականով մշակվել է համաձայնագիր, որը թույլ է տալիս իրագործել փոխգործակցության մեխանիզմները այդ կենտրոններում: Բացի այդ մեկնարկում է եվրասիական բրենդների զարգացման գործընթացը: Մասնավորապես, այսօր ստորագրվել է Թանկարժեք քարերի եւ մետաղների ոլորտում գործողություններ իրականացնելու շուրջ համաձայնագիր: Եվրասիական բրենդ ձեւավորելու ուղղությամբ դա առաջին քայլն է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ երկրներում ոսկերչական ոլորտի հսկայական պոտենցիալը»,-ամփոփել է ԵՏՀ նախագահը: