«Խորհրդային շրջանում ղարաբաղյան եկեղեցիների մասունքները հիմնականում թալանվել են: Ադրբեջանական իշխանությունների հրահանգներով դրանք տեղափոխվել են Բաքու՝ իբր հետազոտման համար, եւ առ այսօր դրանց ճակատագիրը մեզ անհայտ է: Այն, ինչ այսօր մենք ունենք, պահպանվել են շնորհիվ առանձին անհատների, որ գաղտնի մասունքները փոխանցել են թանգարանի ֆոնդերին: Նրանք նախընտրում էին չասել իրենց անունները, չէր նշվում անգամ, թե որ եկեղեցում են պահպանվել այդ մասունքները»: Այդ մասին հայտարարել է Արցախի պետական պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը:
Լեռնային Ղարաբաղի պատմա-երկրագիտական թանգարանը հիմնվել է 1938թ.-ին: Թանգարանի սրահներում եւ ֆոնդերում պահպանվում են մինչեւ 30 հազար ցուցանմուշներ, որոնք վերաբերում են Արցախի մշակույթին՝ հին քարե դարից մինչեւ մեր օրերը: Հատուկ տեղ է տրված ազգագրությանը: Շենքում հավաքված են նյութեր Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանների մասին, պատմագիտական գրականություն, լուսանկարներ, գորգեր, կարպետներ, ձեռագործներ եւ այլն: Մեծ բաժին է հատկացված Արցախյան ազգային, ազատագրական շարժմանը:
Թանգարանային նմուշները ցուցադրվում են եւ արտերկրում: Օրինակ, ղարաբաղյան գորգերը ցուցադրվել են Լիոնում, Մարսելում, Փարիզում, Մոսկվայում: Ցուցահանդեսներ են կազմակերպվել նաեւ Ֆրանսիայի քաղաքներում՝ «Մշակութային ցեղասպանություն» թեմայով:
Մասնագետների պնդմամբ, խորհրդային տարիներին Ադրբեջանի կազմում ընդգրկված Լեռնային Ղարաբաղը, անկախ ղարաբաղցիների կամքից, ադրբեջանական իշխանությունների կողմից փաստացի վերածվել էր գաղութի, իսկ պատմամշակութային արժեքները պարբերաբար ոչնչացվում եւ թալանվում էին: Առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող ցուցանմուշները տարվում էին Բաքու:




























