ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով սեպտեմբերի 29-ին ձերբակալվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի` անվտանգության գծով տեղակալ Գրիգոր Թովմասյանը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ:

Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով 8 տարի ազատազրկման դատապարտված և ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Անդրանիկ Պողոսյանը հայտարարություն է տվել, որ պատիժը կրելու ընթացքում առավել բարվոք խուց տեղափոխվելու դիմաց Գրիգոր Թովմասյանը 2008 թվականի հունիսին իրենից ստացել է 700 ԱՄՆ դոլար կաշառք:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: