Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր` ապրիլի 6-ին լրագրողներին ներկայացրել է ապրիլի 9-ին եւ 16-ին նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակի ու ծառատունկի ծրագիրը: Նա անդրադարձել է նաեւ մայրաքաղաքի կանաչապատման եւ բարեկարգման 2011թ.-ի անելիքներին:
Երեւանում ապրիլի 9-ին կտնկվի 15300 ծառ. 3600-ը փողոցներում,4350-ը զբոսայգիներում եւ պուրակներում: 2970 տնկիներ համատիրությունների ուժերով տեղ կգտնեն բակային տարածքներում: Եւս 4360 ծառեր կտնկվեն առողջապահական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների եւ հանրակրթական դպրոցների տարածքներում:
Զանգվածային ծառատունկ կիրականացվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Փարոսի» բլուր կոչվող տարածքում, որտեղ կվերագործարկվի նաեւ ոռոգման համակարգը: Ծրագրին կմասնակցեն նաեւ պետական եւ ոչ պետական կազմակերպությունները, բուհերը:
Կամո Արեյանը Երեւանի քաղաքապետի անունից կոչ է արել բնակչությանը եւ հիմնարկ ձեռնարկություներին ակտիվորեն մասնակցել ապրիլի 9-ին եւ 16 –ին կայանալիք շաբաթօրյակներին ու ծառատունկին, նշելով որ մայրաքաղաքի մաքուր ու բարեկարգ վիճակը բոլորիս ձեռքբերումն է լինելու, իսկ հարմարավետությունը, մաքրությունն ու կանաչ միջավայրը ծառայելու է երեւանցիներին: Հատուկ ընդգծվեց նաեւ կատարված աշխատանքին հոգատար վերաբերմունք դրսեւորելու ,շրջակայքը մաքուր պահելու անհրաժեշտությունը:




























