Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը այս շաբաթվա ընթացքում կայցելի Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետություն, որտեղ հոկտեմբերի 2-3-ը տեղի կունենա թյուրքալեզու երկրների հերթական համաժողովը։
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության վկայությամբ` միջոցառման մասնակիցների թվում են նաեւ Ղազախստանի եւ Ղրղըզստանի նախագահները, մինչդեռ Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը կներկայացնեն բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Համաժողովի շրջանակներում նախատեսված է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Աբդուլա Գյուլի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը, որի օրակարգում կլինեն թե' հայ — թուրքական երկխոսությանը եւ թե' ղարաբաղյան բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։
Ստամբուլում հրատարակվող Today’s Zaman պարբերականի փոխանցմամբ` այդ հանդիպումից մեկ շաբաթ անց Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում պետք է ստորագրեն երկու երկրների հարաբերությունների բարելավմանն ուղղված երկու նախաստորագրված արձանագրությունները։
Նախիջեւանում Գյուլը Ալիեւին հավաստիացնելու է, որ Երեւանի հետ կապերի հաստատումը որեւէ կերպ վնաս չի հասցնի թուրք — ադրբեջանական բարեկամական հարաբերություններին։




























