Հայ-թուրքական բանակցային գործընթացում Թուրքիային հետաքրքրում է ոչ թե արդյունքը, այլ հենց գործընթացը։ Նման կարծիքի է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, «Սիվիլիտաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը։ Ըստ նրա՝ չարաշահելով այդ գործընթացը, Թուրքիան ստացավ շահաբաժին, իսկ Հայաստանը կրկին հայտնվեց կոտրած տաշտակի առջև։
«Այն, ինչ անում է Թուրքիան, այնքան ակնհայտ էր, որ արդյունքն ինձ չի զարմացնում։ Մենք չպետք է Թուրքիային նման հնարավորություն նվիրեինք»,- նշել է քաղաքական գործիչը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահի վերջերս կատարած հայտարարությունը։ Հիշեցնենք, որ Երևանում գտնվող Կիպրոսի նախագահի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Մենք ցանկանում ենք վերացնել Եվրոպայում մնացած փակ սահմանները։ Սակայն մենք մտադիր չենք թույլ տալ օգտագործել այդ գործընթացը համաշխարհային հասարակայնությանը թյուրիմացության մեջ գցելու համար»։
Ելնելով Թուրքիայի հետ բանակցությունների 10-ամյա փորձից, Վ. Օսկանյանի կարծիքով, այսօր Թուրքիան ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ Հայաստանի հետ հարցերը շատ շուտով լուծվելու են։ «Դա արվում է այն բանի համար, որպեսզի մյուս երկրները չմիջամտեն հայ-թուրքական հարաբերություններին, այսինքն` չճանաչեն Հայոց ցեղասպանությունը, և այլ հարցերում Թուրքիայի վրա ճնշում չգործադրվի։ Կարծում եմ, որ ներկայիս իշխանությունները պետք է որ հասկանային դա»,- ընդգծել է ԱԳ նախկին նախարարը։ Ըստ նրա, հայկական կողմը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի դուրս գա ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով։ Օսկանյանը մտավախություն է հայտնել, որ ստեղծված իրավիճակը կարող է բացասական հետևանքներ ունենալ ղարաբաղյան հակամարտության գործընթացի վրա։
Օսկանյանը համաձայն չէ որոշ փորձագետների ու քաղաքական գործիչների այն կարծիքի հետ, որոնք համարում են, թե Հայաստանը պետք է հրաժարվի Թուրքիայի հետ բանակցություններից։ «Հայկական կողմը պետք է մտածի, թե ինչպես խանգարի Թուրքիային, որ վերջինս չչարաշահի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Անհրաժեշտ է հրաժարվել հրապարակայնությունից՝ կապ պահպանելով Թուրքիայի հետ, և փորձել խնդիրները քննարկել ավելի ցածր մակարդակում։ Դա է ճիշտ ճանապարհը»,- նշել է Օսկանյանը։



























