Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) ընդունել է «Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ պատերազմը. մեկ տարի անց» բանաձեւը, որը գնահատում է Կովկասում ստեղծված իրավիճակը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի պատճառների ու հետեւանքների լույսի ներքո։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, փաստաթղթում լուրջ մտահոգություն է արտահայտվում Հարավային Օսիայի ու Աբխազիայի սահմանին պահպանվող լարվածության ու սադրանքների կապակցությամբ։
Փաստաթուղթը դատապարտում է նաեւ այդ հանրապետությունների ու Ռուսաստանի իշխանություններին՝ ԵՄ դիտորդների մուտքը տարածաշրջան արգելելու համար։ Բացի այդ, ԵԽԽՎ-ն կոչ է անում ապահովել հակամարտության հետեւանքով փախստական դարձած տարածաշրջանի բնակիչների իրենց տներ վերադառնալու իրավունքը։ Բանաձեւում նշվում է, որ սկսած անցյալ տարվանից, Վրաստանը կատարել է «վեհաժողովի գրեթե բոլոր պահանջները, այն դեպքում, երբ Ռուսաստանը չի կատարել հիմնական պահանջների մեծ մասը»։ «ԵԽԽՎ-ն խորապես մտահոգված է պատերազմի ժողովրդագրական հետեւանքներով եւ կոչ է անում կողմերին արդյունավետորեն կատարել Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի Խորհրդի հանձնակատարի կողմից մշակված սկզբունքները»,- ասվում է փաստաթղթում։
Միաժամանակ ԵԽԽՎ-ն հրաժարվել է աջակցել Ռուսաստանի լիազորությունների վիճարկման մասին որոշման տեքստային փոփոխություններին ինչպես Վեհաժողովում, այնպես էլ ընդհանուր առմամբ Եվրոպայի Խորհրդում։ ԵԽԽՎ-ն չի փորձել կրկին Ռուսաստանից պահանջել չեղյալ հայտարարել Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումը եւ չի աջակցել այն ուղղմանը, որը մասնավորապես, միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող եւ Եվրոպայի Խորհրդի երկրների ինքնիշխանությանը սպառնացող է ճանաչում արտասահմանում ՌԴ Զինված ուժերի օգտագործման մասին ՌԴ նախագահի օրինագիծը։




























