Բուհերում լեզվի եւ պատմության դասավանդման հետ կապվա քննարկումներն ամոթալի են: Այս մասին բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխությունների նախագծին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը: Նախագծով ծրագրվում է չեղարկել հայոց լեզվի եւ պատմության պարտադիր դասավանդումը ոչ պրոֆիլային բուհերում: Հիշեցնենք, որ գաղափարն ուսանողների դասադուլի պատճառ դարձավ:

«30-ամյա անկախության նախաշեմին նման իրավիճակն ամոթալի է»,- նկատեց նա: Նրա խոսքով՝ բուհական կրթությունն ու ակադեմիական գործունեությունը ոչ մի դեպքում չի կարելի հակադրել:

Խոսելով բուհերում լեզվի պարտադիր դասավանդման չեղարկման գաղափարի մասին՝ ինստիտուտի տնօրենը նշեց, որ առանց լեզվի իմացության մարդը չի կարող գրագետ արտահայտել մտքերը: «Ինչպե՞ս թարգմանել դասագրքեր, եթե լեզու չգիտես: Օրինակ, ֆիզիկայի դասագրքերը: Դրանք թարգմանում են ոչ թե թարգմանիչները, այլ ֆիզիկոսները, որոնք լավ տիրապետում են լեզվին»,- հիշեցրեց Դեւրիկյանը:

Նրա խոսքով՝ առանց պատմության իմացության քաղաքացին լիարժեք չի լինի: «Հիշեցնեմ Րաֆֆու խոսքերը. «Հայրենիքում հայերին պահում են նախնիների գերեզմանները: Եթե վերացնենք հիշողությունը, հայերը չեն լինի: Պատմությունը հիշողության մի մասն է»,- եզրափակեց Վարդան Դեւրիկյանը: