Եվրամիությունն աջակցում է Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, որը այցով գտնվում է Բաքվում։ Ըստ նրա՝ եվրոպական դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանում չպետք է լինեն փակ սահմաններ։ «Այդ պատճառով մենք պատրաստ ենք աջակցել Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»,- հայտարարել է նա։
Ինչպես հաղորդում է Trend News գործակալությունը, Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման փոխադարձ կապի վերաբերյալ Սեմնեբին ասել է, որ ԵՄ-ը չի ցանկանում շահարկել այն հարցը, թե ինչպիսի փոխադարձ կապ է հնարավոր այդ երկու գործընթացների միջեւ։ Ընդ որում նա հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ավարտին կհասցվի Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման արդյունքում։




























