ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում դիտել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովում իմպիչմենթի գործընթացի շրջանակներում բաց լսումները։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ուրբաթ օրը Կոնգրեսի առջեւ ելույթ կունենա Ուկրաինայում ամերիկյան նախկին դեսպան Մարի Յովանովիչը։
«Նախագահը կդիտի միայն Դեւին Նունյեսի (հանձնաժողովում ավագ հանրապետական ) բացման խոսքը։ Օրվա մնացած մասը նախագահը ջանասիրաբար կաշխատի հանուն ամերիկյան քաղաքացիների»,- ընդգծել է մամուլի քարտուղարը։
Սպիտակ տունը լսումների մեկնարկի հետ միաժամանակ հրապարակել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ապրիլի 21-ի Թրամփի առաջին զրույցի ստենոգրաման։




























