Նոյեմբերի 17-ին Հոնկոնգում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանության մեջ: Ծայրահեղական ցուցարարները կրակել են աղեղից եւ վիրավորել ոստիկանին, որը պատասխանատու է ԶԼՄ-ների հետ աշխատանքի համար, հաղորդում է DW-ը:

Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ, ռեզինե փամփուշտ եւ ջրցան մեքենա է կիրառել: Կիրակի անկարգություններ են տեղի ունեցել Հոնկոնգի պոլիտեխնիկական ինստիտուտի տարածքում: Մի շարք համալսարաններում վաղաժամ դադարեցրել են կիսամյակը:

Համեմատաբար խաղաղ օրվանից հետո երեկ՝ նոյեմբերի 16-ին, վերսկսվել են անկարգությունները: Երկուշաբթի դպրոցներն ու մանկապարտեզները փակ կմնան:

Անցած շաբաթ նշանավորվել է դաժան բախումներով: Հոնկոնգում զանգվածային բողոքի ալիք էր բարձրացել հունիսի 9-ից:

Ցուցարարները դժգոհում են իրենց քաղաքում Չինաստանի ուժեղացող ազդեցության դեմ: Ակտիվիստները պահանջում են ազատ ընտրություններ անցկացնել, ոստիկանության դաժանության անկախ հետաքննություն անցկացնել, ազատ արձակել ավելի քան 4000 ձերբակալված ակտիվիստներին, նրանք նաեւ պահանջում են երկրի վարչակազմի ղեկավար Քերի Լամի հրաժարականը, ում մեղադրում են Չինաստանի իշխանությունների հետ մտերմության մեջ: