ԱՄՆ-ում կատարվել է արվեստի գործերի խոշոր կողոպուտ, որոնց թվում են թանկարժեք 13 կտավներ՝ Ռենուարի, Վան Գոգի, Միրոյի, Մատիսի, Ռեմբրանդտի եւ Փոլոկի աշխատանքները, հաղորդում է Associated Press-ը։

Ամերիկյան իշխանությունների հայտարարության համաձայն, նկարները գողացվել են երկու հավաքորդներից, որոնք արվեստի 300 օբյեկտներ ունեն Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող հեղինակավոր Pebble Beach հանգստավայրում։ Ըստ գործակալության տվյալների, հավաքորդները ոստիկանություն են դիմել գրեթե միաժամանակ՝ հայտնելով, որ իրենց թալանել են արհեստավարժ գողեր, որոնք մասնագիտացած են հավաքածուների գծով։ Ըստ տերերի, արվեստի առարկաները ապահովագրված չեն եղել, քանի որ նման հավաքածուի ապահովագրումը նրա տերերին կարող է արժենալ մոտ 30 մլն. դոլար։

Գողացված նկարները վերադարձնելու դիմաց, որոնց ընդհանուր արժեքը դեռեւս որոշված չէ, հավաքորդներն առաջարկում են 1 մլն. դոլար։