Երեկ սկսվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Իրանի խորհրդարանում Հ. Աբրահամյանը հանդիպել է խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Փոխադարձ բարեմաղթանքներից հետո ՀՀ ԱԺ խոսնակը վերահաստատել է Ալի Լարիջանիին Հայաստան այցելելու իր հրավերը և հույս հայտնել, որ մոտ ժամանակներս Երևանում կհյուրընկալի իր իրանցի գործընկերոջը:

Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և նրանց նախանշած ծրագրերի իրականացման հարցերը` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանն ու Իրանը միմյանց կապող նոր երկաթուղու նախագծին:

Իր գործընկերոջ խնդրանքով` Հ. Աբրահամյանը Ա. Լարիջանիին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցություններում, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացում վերջին զարգացումները:

Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԱԳԽ քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: Հանդիպման ընթացքում ԻԻՀ ԱԱԳԽ քարտուղարը Հ. Աբրահամյանին ներկայացրել է ՀՀ Անվտանգության խորհրդի հետ համագործակցության ծրագրերը: Ապա զրուցակիցները ձեռնամուխ են եղել տարածաշրջանային անվտանգության խնդիրների քննարկմանը:

Նույն օրը երեկոյան հայկական պատվիրակությունն այցելել է Իրանում ՀՀ դեսպանություն, ուր հանդիպում է ունեցել Թեհրանում աշխատող հայ դիվանագետների հետ:

Այսօր տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: