Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր Նյու Յորք այցելության ընթացքում հանդիպումներ է ունեցել նաեւ ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հայաստանյաց առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդարանում ՀՀ ԱԳ նախարարի պատվին թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ Է. Նալբանդյանը Նյու-Յորքի ու Նյու-Ջերսիի հայ համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության խնդիրները եւ դրանց լուծման ուղիները` մանրամասն անդրադարձ կատարելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը, պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին:

Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) գործադիր տնօրեն Պերճ Սեդրակյանի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը քննարկել է Հայաստանում եւ Սփյուռքում կազմակերպության գործունեության, հայապահպանության եւ հումանիտար ոլորտում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությանը, որոնց հետ քննարկել է Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերություններին առնչվող հարցեր, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:

Այցելության ընթացքում նա հանդիպում է ունեցել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ամերիկայի Արեւելյան ափի Ազգային առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր: