Վերաքննիչ դատարանը այսօր առավոտյան մերժեց Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի անդամ, հուլիսի սկզբից անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի պաշտպան Վարդուհի էլբակյանի դիմումը՝ վերացնել կամ գրավով փոխարինել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը: Հիշեցնենք, որ դատավոր Աիդա Հովհաննիսյանը երեկվանից գտնվում էր խորհրդակցական սենյակում, որտեղից դուրս է եկել այսօր եւ հրապարակել դատարանի վճիռը:

Տ. Առաքելյանի փաստաբանի փոխանցմամբ՝ խափանման միջոցը փոխելու դիմում ներկայացնելու հիմնական պատճառը Տիգրան Առաքելյանի առողջական ծանր վիճակն է: Տիգրանի մոտ ախտորոշվել է ձախ աչքի տեսողական նյարդի սուբատրոֆիա: Իսկ նա հուլիսի 5-ից գտնվում է անազատության մեջ այն բանի համար, որ հուլիսի 1-ին Կոնգրեսի հանրահավաքի մասին իրազեկելիս ընդհարում էր տեղի ունեցել քաղաքացիական հագուստով ոստիկանների եւ Կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչների միջեւ:

Տիգրան Առաքելյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քր.օր.-ի 258 հոդվածով (Խուլիգանություն), բայց քննիչ Հրաչյա Սարգսյանը մեղադրանքը խստացրել է եւ վերաորակել 316 հոդվածի 2-րդ մասով (Վտանգավոր բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ): Նոր հոդվածը նախատեսում է 5-ից 10 տարի ազատազրկում:

Առաքելյանի կալանքի ժամկետը արդեն երկու անգամ երկարաձգվել է, այդ ընթացքում նա երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել իրեն: Վարույթն իրականացնող մարմինը իրավունք ունի մինչեւ 6 ամիս քննություն կատարելու, այսինքն` կարող է եւս երկու ամսով երկարաձգել Առաքելյանի կալանքի ժամկետը: